«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Կարևորն այն է, որ «լվացքը» մաքուր լինի

Կարևորն այն է, որ «լվացքը» մաքուր լինի
30.06.2009 | 00:00

ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՅԱՑՔ
Մի քանի տարի առաջ Ժնևում մասնակցում էի միջազգային կոնֆերանսի, որին ներկա էր նաև Ադրբեջանի ներկայացուցիչը, ում ծանոթ էի Եվրախորհրդի գենդերային հարցերով հանձնաժողովից։ Երբ նա ներս մտավ դահլիճ, մենք ողջագուրվեցինք, և Զոհրապ Մնացականյանը, ով այն ժամանակ Հայաստանի դեսպանն էր Շվեյցարիայում, ժպտալով ասաց, թե նման միջոցառումներին առաջին անգամ է տեսնում, որ հայն այդպես ջերմ լինի ադրբեջանցու հանդեպ։ Ես զարմացա, որ հատկապես նման միջոցառումներին կարելի է այլ կերպ վարվել, բայց ուշադրություն չդարձրի փաստին, և միայն վերջերս, ստրասբուրգյան այս վերջին իրադարձություններին առնչվող հրապարակային արձագանքներից հետո, կրկին հիշեցի։ Ճիշտ է, կոնֆերանսը, որին մասնակցում էի, Ղարաբաղի հարցին չէր վերաբերում, այլ սոցիալական խնդիրներին, և ինձ համար ավելի հեշտ էր քաղաքավարի լինելը, սակայն, ԵԽԽՎ-ի այդ նիստը նույնպես Արցախի հարցին նվիրված չէր, և բոլորովին կարիք չկար արհեստական լարվածություն բորբոքել երկու երկրների պատվիրակների միջև։ Իրականում այն, ինչի մասին այդպես բուռն խոսում են վերջին օրերին, կարելի էր համարել մեծ աղմուկ ոչնչից, եթե այն իր խորքում չունենար այլ շերտեր, որոնք կարող են դառնալ վտանգավոր։ Հերթական անգամ հաստատվեց փաստը, որ մենք չունենք պետական մտածողությամբ քաղաքական գործիչներ, որոնք գիտակցեն այն պարզ ճշմարտությունը, որ Ադրբեջանի հետ բարեկամությունն այսօր անհնարին է, քանզի մեր դրկիցը չի հաշտվել իր պարտության հետ։ Դա է պատճառը, որ այդքան դժվար է դարձել վերջնական և կայուն խաղաղություն հաստատելը տարածաշրջանում։ Եվրախորհրդում հայ պատվիրակների տարաբնույթ, իրար հակասող նախաձեռնությունները գալիս են վկայելու, որ չկա արտաքին քաղաքականություն իր ռազմավարությամբ, հակառակ դեպքում բոլորը մեկ մարդու նման պետք է հասկանային, որ մենք չենք կարող մեզ հաղթած կողմ համարել դեռևս այնքան ժամանակ, քանի դեռ այդ մտքի հետ չի հաշտվել Ադրբեջանը, և մեզ այսօր Արցախի փաստացի անկախությունը պահպանելու համար անհրաժեշտ է մեղմացնել լարվածությունը Ադրբեջանի հետ ու քայլեր անել լրատվական, դիվանագիտական, տնտեսական ասպարեզներում, հասարակական կազմակերպությունների միջոցով նաև ադրբեջանական կառույցների հետ փոխհարաբերությունների հաստատման ուղղությամբ։
Արտաքին քաղաքականությունը չի կարող լինել կրավորական, այդպիսի անհեթեթություն չի լինում։ Թերևս, մի սեմինար է պետք անցկացնել հայ պատվիրակների հետ` բացատրելու համար, թե որոնք են երկրի շահերը, և ինչ է իրենցից պահանջվում;
Այսօր մենք մի երկիր ենք, որն իր կամքով դարձել է Եվրախորհրդի անդամ և, ըստ պայմանավորվածության, տարեկան հաշվետվություններ է ներկայացնում երկրի իրավիճակի մասին։ Այդ դեպքում, դրսում երկրից բողոքելու կամ չբողոքելու, քննադատելու կամ չքննադատելու մասին է խոսքը։ Կա իրականություն, կան իրական խնդիրներ, որոնք էլ պետք է լինեն մտահոգության միակ առարկան։ Խնդիրն այն չէ` կեղտոտ լվացքը դրսո՞ւմ ես փռում, թե՞ ներսում, կարողանո՞ւմ ես խաբել կամ կաշառել եվրոպացիներին, թե՞ ոչ, այլ այն, որ լվացքը, վերջապես, մաքուր լինի։
Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1801

Մեկնաբանություններ